Աստծո անցած յոթ օրում նորից արդիական դարձան հին հունական փիլիսոփաները, նրանցից մեկը` Կլեոբուլոսը, ասում էր` «Ով դուրս է գալիս տնից, հարցրու, թե ինչու, ով վերադառնում է, հարցրու, թե ինչով»:
Նրանք 700 մետր խորությամբ անհայտության մեջ էին` չիլիացի 33 հանքափորները, որ Սան Խոսեում փլուզումից հետո հայտնվել էին անելանելի վիճակում: Բառացիորեն: 69 օր Չիլին ապրում էր նրանց կյանքով, հոկտեմբերի 13-ին վերջին հանքափորը դուրս բերվեց: Նրանց փրկելու համար փորված հորատանցքը նախ 7 սմ տրամագծով էր, հետո լայնացվեց մինչև 30, որ կարողանան սնունդ, դեղեր, հաղորդակցության միջոցներ փոխանցել, իսկ հետո 70 սմ տրամագծով հորատանցքով «Ֆենիքս» պարկուճով նրանց մեկ առ մեկ լույս աշխարհ հանեցին: Հարազատներից բացի, հանքափորներին դիմավորում էր Չիլիի նախագահը, որը երկու օր տևած փրկարարական աշխատանքներում ոչ մի րոպե չհեռացավ հորատանցքից: Հանքափորները պատմում էին, որ գետնի տակ տեսել են Աստծուն ու սատանային, բժիշկները հաստատում են, որ նրանք հալյուցինացիաներ չունեն:
Ինչով ասես չեն զբաղվում Լոնդոնում: Տնտեսագիտական դպրոցի մասնագետները, ուսումնասիրելով 20000 մարդկանց ինքնազգացողությունը, պարզել են, որ ամենածանր օրը երեքշաբթին է: Հակառակ տարածված կարծիքի, թե երկուշաբթին է ծանր օր: «The Daily Telegraph»-ը կարծում է, որ պատճառը հուզական է` երկուշաբթի մարդկանց հիշողության մեջ դեռ պահպանվում են հանգստյան օրերի հաճելի պահերը, իսկ երեքշաբթի արդեն հստակ է, որ մինչև հաջորդ հանգստյան օրը 3 օր կա:
Սեպտեմբերի 26-ին լրացավ Բրիջիդ Բարդոյի 76 տարին: Վերջերս նա որոշեց ընդունել «Անկախ բնապահպանական ալյանսի» առաջարկն ու առաջադրվել նախագահի թեկնածու 2012 թ. ընտրություններում: Իր մտադրության մասին տիկին Բարդոն նամակով հաղորդել է Նիկոլա Սարկոզիին. «Քանի որ Ձեր գործերը հակասում են Ձեր խոսքերին, և Ձեր նախարարները թաքցնում են ֆրանսիացիներից ճշմարտությունը, ես մտադրվել եմ ընդունել «Անկախ բնապահպանական ալյանսի» առաջարկը»: Իսկ ֆրանսիացիներից թաքցված ճշմարտությունը վերաբերում է կենդանիների իրավունքների պաշտպանության մասին օրենքը չընդունելուն:
ԱՄՆ-ի նախկին պետական քարտուղար Կոնդոլիզա Ռայսը գնում է նախորդների ճանապարհով. պաշտոնից հեռանալուց հետո բոլորը գրքեր են գրում: Ռայսի հիշողությունները կոչվում են «Ոչ սովորական սովորական մարդիկ»։ Առայժմ հրատարակվել է եռագրության առաջին հատորը, ուր հեղինակը պատմում է կենսագրությունը մինչև այն պահը, երբ Ջորջ Բուշն առաջարկեց դառնալ ազգային անվտանգության հարցերով խորհրդական:
2010-ին Եվրոպայի լավագույն քաղաք է ճանաչվել Ֆլորենցիան` ստանալով Conde Nast Traveler ամսագրի Conde Nast Traveler մրցանակը: Երկրորդ տեղում է Հռոմը, երրորդը Բարսելոնն է: ԱՄՆ-ի լավագույն քաղաք ճանաչվել է Սան Ֆրանցիսկոն, Ասիայինը` Բանգկոկը:
Եվրասիայում ԱՄՆ-ի էներգետիկ հարցերի ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աներկբա աջակցում է «Նաբուկո» «կարևորագույն էներգետիկ նախագծին», որի իրականացման համար ստեղծվող միջազգային գազային կոնսորցիումի անդամ կարող է դառնալ Իրաքը: Մորնինգսթարն ասել է, որ թեև ամերիկյան ընկերությունները չեն մասնակցում նախագծին, կարող են անհրաժեշտ սարքավորումներ մատակարարել:
2011-ի բյուջեի նախագծով Ադրբեջանի ռազմական ծախսն աճել է 89,7 տոկոսով և կազմում է 3 միլիարդ դոլար, 1 միլիարդ 400 միլիոնը կհատկացվի բանակի մոդեռնացմանը: Փաստացի Ադրբեջանը բյուջեի 20 տոկոսը հատկացնում է ռազմական ոլորտին, 800 միլիոն դոլարը կվճարվի Ռուսաստանին C-300 համակարգի դիմաց:
Հոկտեմբերի 12-ին պետական դեպարտամենտում ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին հաստատել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին. «Այդ հարցով պետքարտուղար Քլինթոնն անցած ամիս ՄԱԿ-ում քննարկումներ է ունեցել մեծ թվով առաջնորդների հետ»,- պարզաբանել է նա:
Առաջիկայում լաստանավային հաղորդակցություն է սկսվելու ռուսական Կովկաս և թուրքական Սամսուն նավահանգիստների միջև: Սամսունում կառուցվել են նոր կայանատեղի և պահեստներ: Լաստանավային փոխանցուղին հնարավորություն կտա բեռներ ուղարկելու նաև Սիրիա, Իրան և Հայաստան: Ռուսական երկաթուղու ներկայացուցիչները մտադիր են լաստանցումը օգտագործել Սոչի շինանյութեր և տեխնիկա հասցնելու համար: Ռուսաստանից կարտահանվի ածուխ, քիմիական ապրանքներ և տեքստիլ: Գուցե սա Թուրքիայի «լուռ դիվանագիտության» դրսևորումների՞ց է:
Պոտսդամում ստորագրված հռչակագրով Հարավային Կովկասի երեք ընդդիմադիր կուսակցություններ` հայկական ՀՀՇ-ն` ի դեմս Արամ Մանուկյանի, վրացական «Հանրապետականը» ի դեմս Դավիթ ՈՒսուպաշվիլու և ադրբեջանական «Մուսավաթը»` ի դեմս Իսա Ղամբարի, հաստատում են, որ «Հարավային Կովկասի ապագան հակամարտությունների խաղաղ կարգավորման և լիարժեք լայնամասշտաբ համագործակցության, տարածաշրջանը կայուն ու զարգացող դարձնելու և եվրոպական տարածքում ընդգրկելու մեջ է, որին մենք ուղղում ենք մեր բոլոր ջանքերը: Ստորագրելով այս հռչակագիրը, մենք այս տեսակետը կիսող բոլոր ժողովրդավարական ուժերի հետ համագործակցելու պատրաստակամություն ենք հայտնում»: Թշնամու հետ ստորագրած փաստաթուղթը դարձել է ադրբեջանական խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի հիմնական թեմաներից: Իշխող «Ենի Ազերբայջանի» փոխնախագահ Ալի Ահմեդովը կարծում է, որ Իսա Ղամբարն անտեսել է ազգային շահը և կուսակցությունն օգտագործել անձնական շահի համար: Ահմեդովի կարծիքով` հայերի հետ նման հռչակագրի ստորագրումը հակասում է «Մուսավաթի» գաղափարախոսությանը: Ավելին` «Ադրբեջանի վրա հայկական հարձակման գաղափարական կենտրոններից մեկը հենց ՀՀՇ-ն էր: Հենց ՀՀՇ-ի իշխանության տարիներին են օկուպացվել Ադրբեջանի տարածքները: Ոմանք սեփական շահի համար պատրաստ են նույնիսկ սատանայի հետ գործարք կնքելու: Այդ կուսակցության հետ համաձայնագրի ստորագրումը Ադրբեջանի դեմ է ուղղված»,- ասել է Ահմեդովը: Նա նաև համոզված է, որ սեփական ընտրողի հետ հույսեր չկապելով` ընդդիմությունն աջակցություն է ակնկալում հայերից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամփոփում են Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում դաշտային գնահատման առաքելությամբ հավաքած տվյալները, որից հետո պատրաստված ներքին զեկույցը կներկայացվի բոլոր կողմերին: Մինչ այդ նրանք հոկտեմբերի 14-ին հանդես են եկել հայտարարությամբ, որի տեքստը կարող է դասական օրինակ դառնալ, թե ինչպես կարելի է ոչինչ չասելով գործնականում` ամեն ինչ ասել իրականում: Համանախագահներին ոչ մի անհամաձայնություն-անհանգստություն-մեղադրանք չես ներկայացնի, նրանք մնացել են իրենց պաշտոնական ոճի մեջ` իրականացնելով «պլանավորված դաշտային առաքելություն Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքների գնահատման համար»: «Օկուպացված տարածքներին» ավելացել են «տեղական, այսպես կոչված, դեֆակտո իշխանությունները», որոնց հետ, փաստորեն, ոչ թե համանախագահներն են «աշխատում», այլ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Բացի այդ, նրանք այցելել են «Ստեփանակերտ-Խանքենդի»: ՈՒ` այդպես, ու` այդ ոգով: Մի շտապեք պատկերացնել, թե այդպես ու այդ ոգով իրականացված դաշտային փաստահավաք առաքելության վերաբերյալ ինչ զեկույց է նախապատրաստվելու: Զեկույցի իրական բովանդակությունը կապ չունի հոկտեմբերի 7-13-ին տեսած-չտեսածի հետ, այլ կապ ունի այն իրադարձությունների հետ, որ կկատարվեն մինչև դեկտեմբերի 1-ը: Կամ` չեն կատարվի:
Հոլիվուդը հանգստանում է, փոխարենը գործում են հայերը: Գուցե «Տաթևի թևերով» Գինեսի գրքում հայտնվելը ստացվի, գուցե ոչ, բայց 21-րդ դարի ամերիկյան առաջին մեծագույն խաբեությունը ստացվել է: Ըստ ամենայնի: Ամերիկյան բոլոր հեռուստաալիքները և թերթերը, BBC-ն, Al Jazeera-ն, Euronews-ը անվճար ծառայել են ամերիկյան սոցիալական ապահովության համակարգի կողոպուտի գովազդին: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը խիստ համեստափայլորեն ասել է, թե «Միայն ափսոսանք կարելի է հայտնել, որ ամերիկյան սոցիալական ապահովության համակարգում իրականացված ապօրինություններով զբաղվողների մեջ, ըստ հրապարակված տեղեկատվության, ներգրավված են եղել նաև ՀՀ քաղաքացիներ: Անհրաժեշտության պարագայում ՀՀ համապատասխան մարմինները, բնականաբար, պատրաստ կլինեն համագործակցելու իրենց ամերիկյան գործընկերների հետ` քննությանն աջակցելու համար»: 73 մարդ, հիմնականում հայեր, կողոպտել են 163 միլիոն դոլար: ՀՀ ոստիկանության տվյալներով` Հայաստանում ապրելու տարիներին խմբի պարագլուխ Արմեն Ղազարյանը դատված չի եղել: Զարմանալի չէ` Հայաստանում նման համակարգ չկա: Լոս Անջելեսում նրան ձերբակալել են ռեկետի, դաշնային առողջապահական համակարգին առնչվող խարդախությունների մեղադրանքներով, որոնք նախատեսում են ցմահ բանտարկություն, խոշոր տուգանքներ: Բացի Արմեն Ղազարյան-Պզոյից, հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է 30 հայերի անունները և կատարած հանցագործությունները: «The New York Times»-ը գրել է. «Իրական բժիշկներ, իրական հիվանդներ, մնացած ամեն ինչը` կեղծ». «Մաշկաբանները գումարներ են ստացել սրտի աշխատանքը ստուգելու համար, ակնաբույժները` արյան անալիզ վերցնելու, դիահերձողները հանդիպել են կենդանի մարդկանց: Երբևէ չմատուցված ծառայությունների համար հանցագործները հաշիվներ էին ուղարկում ապահովագրական Medicare համակարգին, մինչ կառավարությունը ջանքեր էր գործադրում առողջապահական համակարգի ֆինանսական ճեղքվածքը լրացնելու ուղղությամբ»: «Forbes»-ը լրացրել է. «Մեխանիզմը բացառել է ուղիղ կապը բժիշկների և հիվանդների միջև, որևէ հիվանդ չի բողոքել Medicare-ին սխալ բուժումից կամ ոչ պատշաճ մատուցված ծառայությունից»: «Examiner»-ը նշում է, որ ապահովագրական ընկերությունը մի քանի անգամ հայտնաբերել է կեղծ տվյալներ, հանցագործները նույնիսկ «փակել են» գոյություն չունեցող բժշկական հաստատություններից մեկը, որոնց թիվը 100-ից անց է: «The Wall Street Journal»-ը հավելյալ մանրամասներ է հաղորդում խմբի գործունեության մասին` ստեղծվել են կեղծ ընկերություններ, որոնց պատկանող ավտոմեքենաներն իբր վթարվել են, վթարը հաստատող փաստաթղթերն ուղարկվել են մասնավոր ապահովագրական ընկերություններ` պահանջելով գումարներ: «The Los Angeles Times»-ը գրում է կեղծ դեղատոմսերի և ուժեղ ցավազրկողների վաճառքի մասին, որ օգտագործվում են որպես թմրանյութ:
ՌԴ ազգային անվտանգության մարմինները, ինչպես միշտ, ամերիկացիներին հասնել և անցնելու ջանքերով մեկ քայլ առաջ են արել` նրանք նարկոթրաֆիքինգի, փողերի լվացման հանցագործություններում մեղադրել են հայ պաշտոնյաներին: 32 հոգու: Ամերիկյանի համեմատ շատ համեստ թիվ: Փոխարենը` շատ հայտնի մարդկանցով: Ինչո՞վ է բացատրվում ամերիկացիների և ռուսների այս համաժամանակյա բացահայտումը, ցույց կտա ժամանակը:
Հոկտեմբերի 15-ին հակակոռուպցիոն հանրահավաք գումարեց ՀԱԿ-ը: Հորդ անձրևի տակ: Լևոն Տեր-Պետրոսյանը ծավալուն ելույթով անարգանքի սյունին գամեց կոռուպցիան իր պատճառներով ու հետևանքներով, հեղինակներով ու զոհերով և հույս տվեց, որ ժողովուրդն ամեն ինչ կհաղթահարի: Վիսոցկին լավ էր երգում` «Ընձուղտը մեծ է` տեսնում է ամեն ինչ»: Իսկ եթե ո՞չ: «Հայաստանի դիտավորյալ ձևախեղված տնտեսական համակարգը լիովին հարմարեցվել է կոռուպցիայի, այսինքն` երկրի անխնա թալանի պահանջներին: Այն ոչ մի կապ չունի ոչ սոցիալիզմի, ոչ ֆեոդալիզմի, ոչ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի կամ լիբերալիզմի հետ: Լիբերալ տնտեսությունը մեր երկրում սոսկ ֆիկցիա է, քանի որ տնտեսական բնագավառում ամեն ինչ կարգավորվում է ոչ թե շուկայական հարաբերություններով, այլ իշխանությունը բռնազավթած խունտայի կամքով ու հրահանգներով, ավելի ճիշտ, քրեական աշխարհի կանոններով ու հասկացություններով», ասել է ՀԱԿ առաջնորդը: Քաղպարապմո՞ւնք է նրա ելույթը, թե՞ լիկբեզ: Նայած ում` ինչպես: Բոլոր դեպքերում` կոռուպցիան հաստատ իրեն շոյված է զգացել նման համակողմանի ու համապարփակ ուշադրությունից, իսկ կոռուպցիոներները` հաստատ նրա խոսքում թալանի ու կողոպուտի նոր հնարավորությունների հուշումներ են որոնել: Առայժմ այդքանը:
Հոկտեմբերի 16-ին «Տաթևի թևեր» ճոպանուղին ընդունեց իր առաջին ուղևորներին, տրվեց «Տաթևի վերածնունդ» ծրագրի մեկնարկը, ճոպանուղին աշխարհում ամենաերկարն է, մի քանի տարվա ընթացքում նախատեսվում է զբոսաշրջության կենտրոն դարձնել Տաթևը` կառուցելով ու վերակառուցելով ճանապարհները, հյուրանոցները, եկեղեցիները, սննդի կետերը: Իհարկե, ավելի տրամաբանական կլիներ այդ ամենն ունենալ, հետո զբոսաշրջիկներին սպասել, բայց դե ինչ տրամաբանություն ծովի մակերևույթից այդ բարձրության վրա:
Հոկտեմբերի 15-ին Շվեյցարիայում ավարտվեց լեռների միջով աշխարհի ամենաերկար թունելի հորատանցումը` 57-կիլոմետրանոց ճանապարհն ավարտվեց Վատգիրա սարի մեջ: Գոթարդի բազային թունելը շահագործման կհանձնվի 2017 թ. և կգերազանցի ճապոնական «Սեյկանը», որն անցնում է ծովի հատակով և ունի 53,6 կմ երկարություն: Շվեյցարական թունելը կարժենա 18,6 միլիարդ շվեյցարական ֆրանկ, շահագործումից հետո 1,5 ժամով կկրճատվի Միլան-Ցյուրիխ ճանապարհը, կմեծանա Իտալիայի ու Հյուսիսային Եվրոպայի միջև ապրանքաշրջանառությունը:
«Today's Zaman»-ը հաղորդում է, որ թուրքական երկու նախարարներ` արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն և պաշտպանության նախարար Վեջի Գենյուլը, հանդիպումներ են ունեցել ամերիկացի գործընկերների` պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հետ: Հանդիպումից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ալյանսի անդամներին առաջարկել է աջակցել առաջարկված հակահրթիռային պաշտպանության համակարգին, որը պետք է պաշտպանի Եվրոպան ու Հյուսիսային Ամերիկան: ՆԱՏՕ-ն առաջարկում է գոյություն ունեցող համակարգն ընդլայնել տակտիկական հակահրթիռային պաշտպանության միջոցներով, որպեսզի ալյանսի անդամ բոլոր պետությունների տարածքը պաշտպանված լինի Իրանից ու Հյուսիսային Կորեայից: Ռասմուսենը Ռուսաստանին առաջարկում է միանալ այդ ծրագրին, որը հնարավորություն կտա ստեղծելու Վանկուվերից Վլադիվոստոկ հակահրթիռային պաշտպանության աննախադեպ ցանց:
ԲՀԿ մամլո քարտուղարը հանրությանը բացատրել է կուսակցության նախագահի խոսքերը. «Պարոն Ծառուկյանն անցած խորհրդարանական քառօրյայում բարձրաձայնեց շատ կարևոր գաղափար: Այն է` ԲՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտի այն ուժերից է, որ պայքարել և պայքարում է ընտրություններում 50+1 տոկոս ստանալու համար»: Խաչիկ Գալստյանը շատ է երիտասարդ կամ անտեղյակ` հիշելու նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ ու հետո ԲՀԿ-ի և պարոն Ծառուկյանի տրամադրությունն ու վիճակը:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ